Հեղինակի մասին
Ողջույն հարգելի այցելու, ուրախ եմ, որ ժամանակ գտաք ծանոթանալու այս պրոյեկտի հեղինակի հետ։ Իմ անունն է Գասպար Գալենտերյան։
Մինչ այն հարցին անդրադառնալը, թե ով եմ ես և ինչով եմ զբաղվում, կցանկանայի պատմել Ձեզ, թե ինչպես ես սկսեցի իմ ճանապարհը վեբ ծրագրավորման և առհասարակ IT ոլորտում:
Ես չեմ սովորել ծրագրավորում ոչ դպրոցում, ոչ էլ ԲՈՒՀ-ում (այնտեղ, նույնիսկ մինչ օրս, չեն սովորեցնում այն, ինչը ակտուալ է այսօր)։ Սեր տեխնոլոգիաների նկատմամբ ունեցել եմ մանկուց, իսկ ծրագրավորում սովորել եմ ինքնուրույն։
Այստեղից հետևություն՝ ծրագրավորում կարող է սովորել ցանկացած մարդ, անկախ կրթությունից և տարիքից։
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ վերադարձա բանակից։ Ես փնտրում էի ոչ թե աշխատանք, այլ այնպիսի գործ կամ մասնագիտություն, որն ինձ համար կլինի՝
- Հետաքրքիր
- Եկամտաբեր
- Հեռանկարային
Աշխատանք, որը ես կանեմ սիրով, որն ինձ չի ձանձրացնի, նույնիսկ եթե ես դրանով զբաղվեմ ամեն օր, մինչև կյանքիս վերջ։
Շատերը այդպես չեն մտածում և փնտրում են աշխատանք նրա համար, որպեսզի կարողանան գոյատևել։ Այո, դա է դառը իրականությունը։ Երկիր մոլորակի բնակչության 90%-ը այդպես է մտածում, բայց դա առանձին թեմա է և այստեղ այսքանով եզրափակում եմ այդ թեման:
Այդ ժամանակ Հայաստանում դեռ նոր էր զարգանում IT ոլորտը, ինտերնետը գնալով ավելի ու ավելի էր հասանելի դառնում մարդկանց։ Իսկ ինձ այդ ժամանակ հետաքրքրում էր, թե ինչ մեխանիզմով է աշխատում համացանցը և ինչպես են պատրաստվում վեբ կայքերը։
Ուսանող տարիներին հասցրել էի գտնել ինձ համար ժամանակավոր աշխատանք, հավաքել գումար և գնել համակարգիչ։ Ունեի բազային գիտելիքներ համակարգչից օգտվելու վերաբերյալ, տիրապետում էի մի քանի ծրագրերի և համակարգիչը, որպես այդպիսին, գնալով ավելի ու ավելի հետաքրքիր էր դառնում ինձ համար։
Ի վերջո, երկար փնտրելուց հետո ինֆորմացիա այն մասին, թե ինչպես են պատրաստվում վեբ կայքերը, բախվեցի անգլերեն լեզվի հետ, քանի որ այդպիսի ինֆորմացիա Հայերեն լեզվով չկար համացանցում։ Անգլերենի հետ խնդիրներ չունեցա, որովհետև լեզվի բազային գիտելիքները մնացել էին դպրոցից։
Իմ առջև դրած նպատակս և մեծ հետաքրքրությունս ինձ օգնեցին սովորել վեբ ծրագրավորում շատ հեշտությամբ և կարճ ժամկետներում։ Ինձ մոտ բավականին լավ էր ստացվում պատրաստել վեբ կայքեր, վերցնում էի նաև պատվերներ Հայաստանի և СНГ-ի տարածքում ու վաստակում էի ոչ այդքան մեծ գումարներ։
Ձգտումս և հետաքրքրությունս այնքան մեծ էին, որ չէի բավարարվում միայն պատվերներ վերցնելով։ Ցանկանում էի ստեղծել պրոյեկտներ, որոնք օգտակար կլինեն հանրության համար, որոնք կպոխեն աշխարհը և ինչու՞ ոչ, նաև կբերեն ավելի մեծ եկամուտներ։
Ժամանակի ընթացքում հասկանում էի, որ Հայաստանում շատերը պարզապես չգիտեն, թե ինչ բան է ծրագրավորումն այսօր, թե ինչ ազդեցություն ունի այն ամբողջ աշխարհի մասշտաբով և ինչպես է զարգանում աշխարհը ահռելի մեծ արագությամբ ծրագրավորման և տեխնոլոգիաների շնորհիվ։ Շատերը դրա մասին տեղեկություն չունեին, որովհետև դպրոցները և ԲՈՒՀ-երը չէին հասցնում ադապտացվել ժամանակի հետ և տալ մարդկանց այն գիտելիքները, որոնք ակտուալ են այսօր։ Իսկ ժամանակները փոխվում են շատ արագ։
Ծրագրավորման վերաբերյալ այն գիտելիքները, որոնք ես ստացել էի ԲՈՒՀ-ում, այսօր հնացել են և չեն կիրառվում։ Եթե ես իմանայի, թե առհասարակ ինչ ծրագրավորումն իրականում, ավելի վաղ հասակից կսկսեյի ծրագրավորողի իմ ճանապարհը․․․
Ես ծնվել և մեցացել եմ Երևանում, ու քանի որ ապրում էի Հայաստանում, ժամանակի ընթացքում ինձ մոտ ձևավորվեց նաև այսպիսի մի նպատակ՝ զարգացնել Հայաստանում IT ոլորտը և հասցնել այն միջազգային մակարդակի։ Իսկ IT ոլորտի հեղափոխական ճյուղը վեբ ծրագրավորումն է և այն տեխնոլոգիաները, որոնք կապված են համացանցի հետ։ Այսօր դա է ուշադրության կենտրոնում, և դա է փոխում աշխարհը։ Վեբ ծրագրավորման հիման վրա աշխատող պրոյեկտների վառ օրինակներից են՝ Google, Facebook, YouTube և այլն․․․
Քանի որ ինքս սկսել էի վեբ ծրագրավորումից, առաջին պրոյեկտը, որի միտքը ծագեց իմ հետաքրքրություններից, հետևյալն էր՝ ստեղծել մի հարթակ, որը կլինի տեղեկատու նրանց համար, ովքեր պատրաստում են վեբ կայքեր կամ ցանկանում են սովորել, թե ինչպես են պատրաստվում վեբ կայքերը։ Պրոյեկտ, որը կօգնի ցանկացած մարդու, ով հասկանում է Հայերեն, սովորել վեբ ծրագրավորում առանց դժվարությունների։
Այդ պրոյեկտը ստացավ նաև համապատասխան անվանում, դա weber.am պրոյեկտն է: Համաձայնվեք, որ, երբ չկար Հայերեն լեզվով ինֆորմացիա, որի հիման վրա մարդիկ կարողանային սովորել վեբ ծրագրավորում, և հիմա, երբ արդեն կա այդպիսի հնարավորություն, դրանք տարբեր կարգավիճակներ են Հայաստանի, Հայաստանում IT ոլորտի զարգացման և մարդկանց՝ IT ոլորտի հետ ծանոթանալու հարցում։
Բարի գալուստ weber.am վեբ կայք: Այստեղ դուք կարող եք գտնել բազային ուսուցողական վիդեոկուրսեր վեբ ծրագրավորման բնագավառում։ Կան, ինչպես անվճար, այնպես էլ վճարովի վիդեոդասեր։
Եթե դուք նոր եք սկսում Ձեր ծրագրավորողի ճանապարհը, ապա առաջին հերթին ծանոթացեք HTML և CSS տեխնոլոգիաների հետ։ Ցանկացած վեբ կայքի պատրաստման և աշխատանքի հիմքը այդ տեխնոլոգիաներն են։ Կա նաև կուրս՝ Դոմեյն և Հոսթինգ, որը յուրացնելուց հետո Դուք կհասկանաք վեբ կայքերի աշխատանքի ողջ մեխանիզմը, կկարողանաք Ձեր պատրաստած վեբ կայքերը տեղադրել համացանցում այնպես, որ դրանք աշխատեն։
Իսկ եթե Դուք սկսնակ չեք, ապա Galent.am™ - IT կրթահամալիրում կարող եք կատարելագործվել վեբ ծրագրավորման ոլորտում և ոչ միայն։
Մաղթում եմ արդյունավետ ուսում։
Հարգանքներով՝ Գասպար Գալենտերյան։
22.12.2014 թ․